Quantcast
Channel: Ջավախքի լրատվական կենտրոն
Viewing all 19865 articles
Browse latest View live

Հոգևորականներն այցելել են Ախալքալաքի ավիրված Վանք

$
0
0

Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տեր Մաղաքիա վարդապետ Ամիրյանն այցելել է Ճգնավորի վանք, որտեղ երկու օր առաջ, անհայտ անձինք կոտրել ու փչացրել էին սրբապատկերները:

Այսօր, ապրիլի 5-ին Վիրահայոց թեմի առաջնորդն ու Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդը ուխտավորաբար այցելել են Վանք:

Հոգևոր հայրերը ճանապարհին հանդիպել են Ախալքալաքի ոստիկանության ներկայացուցիչներին, ովքեր վերահսկողություն են իրականացնում տեղում:

Սրբավայրում հոգևորականներն աղոթել են և շարականներ երգել:

«Հոգևոր հայրերը դատապարտում են կատարվածը և համոզմունք հայտնում, որ սա ամենայն հավանականությամբ ոչ հավասարակշիռ մարդկանց կողմից է կատարվել, քանի որ մատուռում չի եղել որևէ արժեքավոր իր, որը կարող է հետաքրքրություն առաջացներ: Կոտրել են ներսում գտնվող սրբապատկերները, քանդակները, խաչերը: Հարևանությամբ ապրող մարդկանց կողմից մաքրվել են վանդալիզմի հետքերը և կրկին շարունակում են այցելել և մոմ վառել սրբավայրում»,- այս մասին հայտնում է Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդության մամլո ծառայությունը:

Հիշեցնենք, որ ապրիլի 3-ի առավոտյան, Խուլգումո գյուղի երիտասարդներն ուխտի գնալով Ճգնավոր կամ Վանք կոչվող սրբատեղի տեսել են, որ մատուռում ամեն ինչ տակնուվրա է արված, սրբապատկերները կոտրված են ու թափված գետնին:

Ախալքալաքի ոստիկանության բաժինը սույն փաստով հետաքննություն է վարում Վրաստանի ՔՕ 259-րդ հոդվածի առաջին մասով, որը ենթադրում է «Մշակութային ժառանգությանը կամ Վրաստանի օրենսդրությամբ պաշտպանված այլ մշակութային հուշարձաններին կանխամտածված վնաս պատճառել»: Հանցանքը նախատեսում է տուգանք կամ մինչև երկու տարի ժամկետով ազատազրկում:


Իսկ դուք գիտե՞ք ինչ է նշանակում… (զվարճալի թեստ XXXXXIV)

$
0
0

Ջավախքի բարբառը հարուստ է տարբեր ծագում ունեցող բառերով: Իսկ այս բառերը երբևէ լսել էիք:

Սեղմեք բառի այն բացատրությունը, որը համարում եք ճիշտ, ընտրելով ներքևում տրված բառերից:

Դպրոցի ավարտական քննությունների չեղարկումը կընդունվի 16-ին

$
0
0

Վրաստանի խորհրդարանը «Ընդհանուր կրթության մասին» օրինագիծը, ըստ որի, դպրոցական ավարտական քննությունները կչեղարկվեն, չկարողացավ ընդունել ապրիլի 5-ին տեխնիկական պատճառներով, սակայն այն կընդունվի ապրիլի 16-ին երրորդ լսումով։

Վրաստանի խորհրդարանի կրթության կոմիտեի նախագահ, Մարիամ Ջաշիի հայտարարությամբ, խորհրդարանում օրինագծի քննարկումը կավարտվի ապրիլի 16-ին։

«Ցավում եմ, որ տեխնիկական խնդիրների պատճառով չավարտվեց օրինագծի վերջնական փուլը, մնացել է միայն քվեարկությունը։ Ցավոք, ազգային բանկի նախագահի լսումն այնքան երկար տևեց, որ մեզ հնարավորություն չտրվեց մեկ ժամ հատկացնեինք օրինագծի քվեարկությանը։ Խոստանում ենք, որ օրինագծի քննարկումը կավարտվի ապրիլի 16-ին և ինչպես պլանավորված էր, 11 և 12-րդ դասարանների ատեստատային քննություններ չեն անցկացվի և ըստ օրենքի ատեստատային և ազգային քննությունների միջև կրկնօրինակումը կվերացվի», – հայտարարեց Ջաշին։

Ապրիլի 5-ին խորհրդարանում լիագումար նիստի ժամանակ դպրոցական ավարտական քննությունների վերացման խնդրի նախաձեռնությունը ձախողվեց։

Հանկարծ ծնված ֆիլմը Արտեմ Ալաբուլյանցի մասին

$
0
0

Ապրիլի 5-ին Թբիլիսիի Կովկասյան տանը տեղի ունեցավ երաժիշտ և նկարիչ Արտեմ Ալաբուլյանցի նկարների ցուցահանդեսը և Խոսե Մաջիներեի հեղինակած վավերագրական ֆիլմի պրեմիերան։

Alabulyanc_1

Ֆիլմը նկարվել էր որպես մի այլ նախագծի արդյունք:
«Մեծ ֆիլմ եմ նկարում Սերգո Փարաջանովի մասին, ու դրա համար կապ եմ հաստատում մարդկանց հետ, ովքեր ճանաչել են Փարաջանովին։ Այդպիսին էր Արտեմ Ալաբուլյանցը, ու երբ գնացի նրա մոտ նկարահանման, այնքան գեղեցիկ էր ամեն ինչ թե բնութագրված, թե պատկերված և որոշեցի, որ պետք է անպայման ֆիլմ ծնվի դրանից», – պատմում է ֆիլմի հեղինակ Խոսե Մաջիներեն։
xose_majinere

Ֆիլմը Արտեմ Ալաբուլյանցի անձի մասին է, ով պատմում է իր ներքին աշխարհի, իր կախվածության մասին արվեստի և նկարչության հանդեպ։
«Սա առաջին ֆիլմը չէ, որը նկարահանվել է իմ մասին։ Շատ արագ որոշվեց, և շուտ նկարահանեցինք», – ասում է Արտեմ Ալաբուլյանցը։

Ֆիլմի հեռուստապրեմիերան սպասվում է ապրիլի 7-ին «Օբյեկտիվ» հեռուստաալիքով։
alabulyanc_2

Ֆիլմի ցուցադրմանը ներկա էին արվեստագետներ ոչ միայն Թբիլիսիից, այլ նաև Ջավախքից։ Գեղանկարիչ Հայկազուն Ղարագուլյանը, ով Ախալքալաքի Մարտունի գյուղից է, շատ պատահական է եկել։
«Շատ պատահական Թիֆլիս եկա այսօր, և լսելով միջոցառման մասին, բոլոր գործերս թողեցի մի կողմ։ Արտեմ Ալաբուլյանցի հետ մոտ 5 տարի է ծանոթ ենք և ուզում եմ նշել, որ նա բազմաբնույթ անձնավորություն է, լավ նկարիչ, լավ երաժիշտ և կարևորը լավ մարդ», – տպավորված ասում է Հայկազուն Ղարագուլյանը։

alabulyanc_3
Արտեմ Ալաբուլյանցը նկարելու հետ մեկտեղ նաև նվագում է։ Միջոցառման ժամանակ Ալաբուլյանցը նվագեց 3 երաժշտություն, բայց ստիպված եղավ նվագել նաև չորրորդը՝ դահլիճի բուռն ծափահարությունների արդյունքում:

«Ես այստեղ նույնիսկ նկատում եմ ինքնադիմանկարներ։ Ալաբուլյանցի ձեռքը հրաշալի է նկարելուց, հրաշալի է նվագելուց, իսկ ամեն մարդ յուրովի է ընկալում նրա աշխատանքը։ Թվում է, թե միակերպ դեմքեր են, բայց դա միայն թվում է, և դու մտնում ես յուրաքանչյուրի մեջ, ինքը հասել է այն մակարդակին, որ մեզ հուզի», – ասաց հայկական թատրոնի դերասանուհի Մելանյա Բարսեղյանը։
alabulyanc_5
Ֆիլմի ցուցադրմանը ներկա էր նաև նկարիչ և ռեժիսոր Մզեքալա Գոգոճուրին, ով նույնպես կիսվեց իր դրական տպավորություններով։
«Մենք արդեն սովոր ենք, որ Խոսեն ներկայացնի հետաքրքիր նյութ, և այսօրվա ֆիլմն էլ բացառություն չէր։ Ֆիլմում շատ լավ էր նկարագրված Արտեմ Ալաբուլյանցի կերպարը, շատ հավանեցի նրա երաժշտությունը, քանի որ վիոլինան իրական համադրություն է նկարչության հետ և նաև նրա բարձր մշակութային ճաշակը», – ասաց նա։
alabulyanc_4
Խոսե Մաջիներեի նշում է, որ կրկին էկրանին կտեսնենք Ալաբուլյանցին՝ այս անգամ արդեն խոսելով Փարաջանովի մասին։

Ռիմա Մառանգոզյան

Գորելովկայում ցանկանում են, որ դպրոցը կրի Տոլստոյի անունը

$
0
0

Դպրոցը, որը Գորելովկա գյուղում հիմնվել է ռուս դասական Լև Նիկոլաևիչ Տոլստոյի միջոցներով, արդեն գոյություն ունի ավելի քան 100 տարի: Այս շենքը ստացել է Վրաստանի Մշակութային ժառանգության հուշարձանի կարգավիճակ: Դպրոցի տնօրինությունը ցանկանում է դիմել նախարարությանը, որպեսզի դպրոցը պաշտոնապես կրի հիմնադրի անունը:

Հին շենքի հսկայական պատերը, վառարանների ծխնելույզները, Տոլստոյի դիմանկարներն ու կապուտաչյա, բարեհամբյուր երեխաներն են՝ Նինոծմինդայի մունիցիպալիտետի Գորելովկա գյուղի թիվ 1 ռուսական դպրոցն իր այցելուին դիմավորում է հենց այսպես: Առաջին իսկ րոպեներից զգացվում է մեծ պատմություն ունեցող այս փոքրիկ դպրոցի ջերմ, բարյացակամ մթնոլորտը:

pismo

Նախկին տնօրենի նամակում նկարագրված դպրոցի պատմությունը

Այստեղ նամակը, որը նախկին տնօրենը գրել էր իրեն փոխարինողին, մեծ հոգատարությամբ ու զգուշությամբ են պահում, քանի որ այնտեղ նկարագրված է դպրոցի պատմությունը, որը հազիվ թե գտնես մեկ ուրիշ տեղ: Նամակում փոխանցվում է, որ Գորելովկայի ռուսական միջնակարգ դպրոցը հիմնադրվել է 1903 թվականին և սկզբնական շրջանում այն 4-ամյա տարրական կրթություն էր տալիս: Մինչ այդ, ավանի բնակիչները՝ ռուսական բողոքական աղանդավորները, չէին սովորում և գրագետ չէին: Տեղացիները հաճույքով և երախտագիտությամբ են խոսում մեծ դասական Լ.Ն.Տոլստոյի հովանավորության մասին դուխոբորներին, ովքեր արտաքսվել էին այս հողեր 19-րդ դարի կեսերին: Ենթադրվում է, որ գրողը «Հարություն» վեպի համար ստացած գրավարձի մի մասով ֆինանսավորել է դուխոբորների արտագաղթը Կանադա, իսկ մյուս մասնաբաժինը հատկացրել է այս դպրոցի հիմնադրմանը:

«Իհարկե, մենք մեր մեջ այդպես (խմբ. նկատի ունի Տոլստոյի անունը) ենք անվանում, բայց ես որևէ փաստաթղթային հաստատում չունեմ: Ես ուզում եմ դիմել նախարարությանը` դպրոցին պաշտոնապես Տոլստոյի անունը շնորհելու կապակցությամբ», – կիսվում է դպրոցի տնօրեն Տատյանա Կարևան:

tolstoy

pervaya.uchitelnica

Դպրոցի առաջին ուսուցիչը, 1903 թ.

Ինչո՞ւ էր ռուս գրողն օգնում դուխոբորներին: Ի տարբերություն համաժողովրդական համոզմունքների, Տոլստոյն չէր պատկանում այս կրոնական խմբին, սակայն քննադատում էր Ռուս Ուղղափառ Եկեղեցուն իր հարստության և չափազանց ծիսականության համար, իսկ ցարական իշխանության պետական ապարատը՝ նրա դաժանության և բռնության համար: Իր բարեգործությամբ նա ցույց էր տալիս իր խաղաղ անհնազանդությունն իշխանություններին և միևնույն ժամանակ փորձում էր գոնե որոշակի օգուտ բերել բնակչության անապահով խավին:

biblioteka

Դպրոցական գրադարանը

Մի ժամանակ, շրջանի բոլոր դուխոբորական բնակավայրերից բոլոր աշակերտները գալիս էին այստեղ սովորելու, քանի որ միայն այս դպրոցն էր լրիվ միջնակարգ կրթություն տալիս (11 դասարան): Այն ժամանակ աշակերտների թիվը հասնում էր 500-ի:

Այսօր, բնակիչներն արտագաղթի մի քանի ալիքներից հետո, դպրոցում ընդամենը 40 աշակերտ կա: Իրար կողք կողքի սովորում են՝ հայեր, ռուսներ, վրացիներ:

«Ընդհանուր առմամբ, անհրաժեշտ ամեն ինչ կա դպրոցում, մենք ոչնչի կարիք չունենք», – ասում է Տատյանան:

Եվ իրոք, այս փոքրիկ շենքում տեղավորվել է և իր սեփական գրադարանը, մարզադահլիճը և համակարգչային դասարանը: Այն, ինչ բացակայում է, ճաշարանն է, որը նրանք չեն կարողանում ապահովել ազատ դասարանի բացակայության պատճառով, դպրոցում սովորում են աշակերտների մի քանի հերթափոխ:

deti.gorelovka

etalon
Տոլստոյի դպրոցի աշակերտները «Էտալոն» խաղի եզրափակչում

Դպրոցի անձնակազմը՝ աշակերտների հետ միասին, հաճախ են ճանապարհորդում՝ մասնակցելով տարբեր միջոցառումների: Օրինակ, նախորդ տարվա հունիսին դպրոցականները դարձան Թբիլիսիում անցկացված «Էտալոն» ինտելեկտուալ խաղի եզրափակիչ փուլի հյուրերը, ինչպես նաև կազմակերպեցին համատեղ այց դեպի Գրիբոեդովի անվան թատրոն: Դպրոցը փորձում է համակողմանի զարգացնել երեխաներին` մեր այցելության ընթացքում շախմատային մրցաշար է ընթանում:

shaxmaty

2018 թ.-ին դպրոցը պաշտոնապես ստացավ Մշակութային ժառանգության անշարժ հուշարձանի կարգավիճակ, իսկ 2011 թվականին, Վրաստանում Լև Տոլստոյի օրերի շրջանակներում, դպրոց այցելեց ուղիղ ժառանգորդ, գրողի ծոռնորդի Վլադիմիր Տոլստոյը:

Դպրոցի շրջանավարտներից շատերը շարունակում են իրենց ուսումնառությունը բուհերում, սակայն որոշակի խնդիրներ կան ընդունելության առումով՝ ռուսալեզու աշակերտները չեն կարողանում մասնակցել ազգային փոքրամասնությունների համար «1 + 4» ծրագրին, քանի որ քննությունը ռուսերենով նախատեսված չէ: Այս առումով դուխոբորների ներկայացուցիչները իշխանությունների կողմից խտրականություն են զգում: Հաճախ դպրոցի շրջանավարտները շարունակում են իրենց ուսումը Հայաստանում կամ Ռուսաստանում, որտեղից էլ, շատ հաճախ, չեն վերադառնում:

Ամալյա Բաբայան

Երիտասարդները մաքրել են ավիրված Վանքը

$
0
0

Այսօր, ապրիլի 7-ին Ախալքալաքում մի խումբ երիտասարդներ հավաքվել են և միասին մաքրել օրեր առաջ ավիրված Վանքի կոտրտված սրբապատկերներն ու շրջակա տարածքը:

Հիշեցնենք, որ ապրիլի 3-ին Խուլգումո գյուղի երիտասարդներն ուխտի գնալով Ճգնավոր կամ Վանք կոչվող սրբատեղի տեսել էին, որ մատուռում ամեն ինչ տակնուվրա է արված, սրբապատկերները կոտրված են ու թափված:

Սրբապղծություն Ախալքալաքում, փչացրել են Վանքի սրբապատկերները

Ախալքալաքի ոստիկանությունը հետաքննություն է վարում Վրաստանի ՔՕ 259-րդ հոդվածի առաջին մասով, որը ենթադրում է «Մշակութային ժառանգությանը կամ Վրաստանի օրենսդրությամբ պաշտպանված այլ մշակութային հուշարձաններին կանխամտածված վնաս պատճառել»: Հանցանքը նախատեսում է տուգանք կամ մինչև երկու տարի ժամկետով ազատազրկում:

vanq maqrac

vanq1

Լուսանկարները Jnews-ին են տրամադրել երիտասարդները

Դիղոմիում գազի պայթյուն է տեղի ունեցել, տուժել է ութ մարդ

$
0
0

Այսօր առավոտյան Դիղոմիի մասիվի 4-րդ միկրոշրջանի №5 բնակելի շենքում պայթյուն է տեղի ունեցել: Նախնական տվյալներով, պայթյունի պատճառը երրորդ հարկում գտնվող բնակարանում գազի արտահոսքն է եղել, որը վարձակալվում էր: 8 տուժածները հետազոտվում են:

Միջադեպի հետևանքով տան պատը փլվել է, տասնյակ բնակարանների պատուհաններ են վնասվել, շինանյութերի բեկորները ցրվել են տասնյակ մետրի վրա: Շենքը շրջափակված է ոստիկանության աշխատակիցներով և այն շքամուտքի բոլոր բնակիչներով, որտեղ տեղի է ունեցել պայթյունը, մոտ 15 ընտանիք տարհանվել է: Նրանք կկարողանան վերադառնալ իրենց բնակարանները միայն շենքի տեխնիկական փորձաքննությունից հետո:

«Պայթյունի հետևանքով վնասվածք է ստացել 8 մարդ: Բարեբախտաբար, նրանց վիճակը միջին բարդության է: Շնչառական ուղիների այրվածք ստացած երկու տուժածներին պետք է առավել ուշադրություն դարձնել, թեև առաջին իսկ րոպեից նրանց բուժօգնություն են ցուցաբերել: Նրանք տեղափոխվել են տարբեր կլինիկաներ: Բժիշկներն ամեն ինչ անում են, որպեսզի պահպանեն նրանց առողջությունը», – լրագրողներին ասել է Վրաստանի Առողջապահության նախարար Դավիթ Սերգեենկոն:

Ռուսթավի 2-ի տեղեկատվության համաձայն, պայթյունից առավել տուժել է 21-ամյա տղան, ում մարմնի մակերևույթի 35%-ն այրված է: Այժմ նա գտնվում է Խեչինաշվիլիի անվան համալսարանական կլինիկայի Այրվածքների կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում:

Պայթյունի հետևանքով նաև տուժել է 7 ամսական երեխա, որը հոսպիտալացվել է Թբիլիսիի Իաշվիլիի մանկական կենտրոնական հիվանդանոց: Բժիշկների խոսքով, երեխան հաղորդակցային վիճակում է և նրան ներկայումս հետազոտում են:

«Սուր շնչառական անբավարարության նշաններ չկան, դինամիկան վերահսկվում է: Այս պահի դրությամբ նրա առողջական վիճակը կայուն է: Նա վերահսկողության տակ է և հետազոտությունները շարունակվում են: Արվածքներ չեն դիտարկվում», – լրագրողներին ասել է Իաշվիլիի մանկական հիվանդանոցի բժիշկը:

Քրեական գործը հարուցվել է «էլեկտրական կամ ջերմային էներգիայի, գազի, նավթի կամ նավթամթերքային օբյեկտների անվտանգության կանոնների խախտում, որը առաջացրել է մահ կամ այլ լուրջ հետևանքներ» հոդվածով, որը պատժվում է ազատազրկմամբ` 4-ից 7 տարի ժամկետով:

Վրաստանում բնակչության կողմից գազի սարքավորումների շահագործման անվտանգության անարդյունավետ վերահսկման խնդիրը հատկապես արդիական է դարձել՝ վերջին ամիսների ընթացքում Թբիլիսիում մահվան դեպքերից հետո:

Դիդի Դիղոմիի շրջանում, հունվարի կեսերին, բազմահարկ շենքում գազի արտահոսքից աաջացած պայթյունի հետևանքով մահացել էր չորս մարդ, այդ թվում` երեխա: Հունվարի 31-ին Իսանիում շմոլ գազից մահացել էր յոթ մարդ:

Մեկ ոսկի և երկու արծաթ շինկիոկուշին կարատեի առաջնությունից

$
0
0

Հայաստանում կայացած շինկիոկուշին կարատեի բաց առաջնությունից Ախալքալաքի մարզահամալիրի սաները վերադարձել են մեկ ոսկե և երկու արծաթե մեդալներով:

Ապրիլի 6-ին, Երևանում անցկացվեց շինկիոկուշին կարատեի բաց առաջնություն, որին Ախալքալաքից մասնակցում էին 8 մարզիկ:

Մեր մարզիկները հանդես էին գալիս մարզիչ Պողոս Չիվչյանի գլխավորությամբ: 8 մարզիկներից երեքը վերադարձել են մեդալներով:

Թելման Մելքոնյանը 13 տարեկանների մրցապայքարում, 45 կգ քաշային կարգում նվաճեց ոսկե մեդալ: Իսկ Սարգիս Ներսիսյանը 14 տարեկանների շրջանում, 50 կգ քաշային կարգում դարձավ արծաթե մեդալակիր: Միրան Երեմյանը նույնպես արծաթ է վնաճել 13 տարեկանների մրցապայքարում, 45 կգ քաշային կարգում:

Այս մարզիկներն առաջիկայում կմասնակցեն Եվրոպայի բաց առաջնությանը:

Նշենք, որ Շինկիոկուշին կարատեն այսօր հանդիսանում է ամենամեծ ֆեդերացիան այս մարզաձևում, որը ունի բազմաթիվ մասնաճյուղեր ավելի քան հարյուր երկրներում:


Վարձիայում նախատեսվում է կառուցել աշխարհում առաջին ստորգետնյա հյուրանոցը

$
0
0

Գործարար Սոսո Օրջոնիկիձեն ծրագրում է Վարձիայում կառուցել ստորգետնյա հյուրանոց: Այս մասին հաղորդում է bm.ge պորտալը` հղում անելով գործարարին:

Օրջոնիկիձեի խոսքերով, հյուրանոցը նախագծված է 120 սենյակով և այն լիովին պիտի համապատասխանի Վարձիայի մշակութային ավանդույթներին: Նրա խոսքով, հյուրանոցը կլինի Վարձիայի ձորալանջերից մեկում: Ընկերությունն արդեն ավարտել է նախապատրաստական աշխատանքները և շուտով նախատեսվում է սկսել շինարարությունը:

«Թբիլիսիում մենք դեռ չենք պատրաստվում նոր խոշոր համալիրներ կառուցել: Մոտ ապագայում միակ նախագիծը Վարձիայի հյուրանոցն է, որը դեռևս պետք է համաձայնեցվի, քանի որ այն հատուկ գոտի է, բայց կարևոր է այն, որ սա հնարավոր է աշխարհի առաջին ստորգետնյա հյուրանոցն է: Մարդիկ գործնականում պետք է ապրեն այնպիսի հյուրանոցում, ինչպես Վարձիայում ապրել են մեր նախնիները, միայն ավելի հարմարավետ պայմաններում: Բայց կենսապայմանները պետք է լինեն համարյա նմանը: Այս նախագիծը մենք սկսում ենք հիմա, նախապատրաստական աշխատանքները գրեթե ավարտված են: Սա կլինի մոտ 120 համար ունեցող հյուրանոց, հիմնականում թեքալանջին, որը գտնվում է հենց այն մասում, որտեղ գտնվում է աղոթավայրը: Հավանաբար, շուտով Վարձիայում կկատարենք այս նախագծի շնորհանդեսը: Մենք ունենք հավակնություն, որ մեսխեթյան գյուղերը Վարձիայի դիմացը լինեն», – հայտնում է Rezid Holding GmbH ընկերության գլխավոր տնօրեն Սոսո Օրջոնիկիձեն:

Rezid Holding GmbH ընկերությանն է պատկանում Թբիլիսիի կենտրոնում գտնվող «King David» հյուրանոցը: Ընկերությունը գրանցված է Ավստրիայում:

Ախալքալաքում արտ-նստարան է հայտնվել

$
0
0

Ախալքալաքում տեղադրվել է անսովոր դիզայնով նստարան: Նախաձեռնության հեղինակը Ախալքալաքի Սպասարկման կենտրոնն է:

Արդեն մի քանի օր է Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու բակում տեղադրված նստարանն այցելուներին գրավում է իր յուրահատկությամբ: Անձրևանոց պահած երկաթե մարդը նստելու և լուսանկարվելու է հրավիրում բոլորին:

Նստարանի տեղադրման վայրն ընտրվել է Սուրբ Խաչ եկեղեցու բակը, որովհետև անընդհատ դիմումներ են եղել՝ այնտեղ նոր նստարան տեղադրելու:

«Երբ մարդկանց հետ խոսում էինք, նրանք ասում էին, եթե նման բան լինի շատ լավ կլինի, մարդիկ նկարվեն և այլն: Հետաքրքիր համընկնում էր, հենց նստարանը տեղադրեցինք, այդ օրը հարսանիք կար և մարդիկ հաճույքով նկարվում էին», – ասաց Սպասարկման կենտրոնի տնօրեն Արմեն Բիչախչյանը:

1

Այս նստարանի ստեղծման համար Սպասարկման կենտրոնը ծախսել է 300 լարի, որն անհրաժեշտ է եղել միայն շինանյութի ձեռքբերման համար:

«Նստարանը մեր զոդողն է սարքել, միտքը ես եմ ներկայացրել, նկարը տեսել եմ ուրիշ տեղ, սա կրկնօրինակ է»,- ասաց Կենտրոնի տնօրենը:

Վերջինս ցավով է նշում, որ հետաքրքիր նախաձեռնությունների համար Սպասարկման կենտրոնը միջոցներ չունի:

«Ուզում եմ քաղաքային այգում սիրո և համերաշխության նստարան տեղադրել: Շատ հետաքրքիր է, եթե մարդիկ նստեն, ապա կսղան և նստարանի մեջտեղում կհանդիպեն իրար: Ցավոք սրտի միջոցներ չունենք, եթե միջոցներ ունենանք էլի նպատակ ունենք նման հետաքրքիր նստարաններ սարքելու»,- ասում է Արմեն Բիչախչյանը:

2

Աղունիկ Այվազյան

Վրաստանի և Եվրամիության համագործակցությունը հաջողության պատմություն է. Ֆեդերիկա Մոգերինի

$
0
0

Վրաստանի և Եվրամիության համագործակցությունը հաջողության պատմություն է, – այս հայտարարությունը Եվրամիության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար, Ֆեդերիկա Մոգերինին արել է Բրյուսելում, մինչ Եվրամիության արտաքին գործերի մինիստերիալի մեկնարկը:

Եվրամիության անդամ պետությունների արտաքին գործերի նախարարներն այսօրվա հանդիպմանը զրուցելու են «Արևելյան գործընկերության» անդամ երկրների հետ համագործակցության մասին, ինչպես նաև քննարկելու են ծրագրի 10-ամյա հոբելյանի նախապատրաստական աշխատանքներին վերաբերող հարցեր:

«Վրաստանի հետ ունենք փայլուն գործընկերություն և համագործակցություն: Այս մասին հնարավորություն ենք ունեցել զրուցել Բրյուսելում, որտեղ հանդիպել ենք Վրաստանի կառավարության անդամների հետ: Վրաստանի և Եվրամիության գործընկերությունն իսկապես հաջողության պատմություն է, որը շարունակվելու է ապագայում»,-հայտարարել է Ֆեդերիկա Մոգերինին:

Նյութը վերցված է 1tv.ge-ից

Բեժանոյում չեն կարող գրանցել իրենց հողերը

$
0
0

Ախալքալաքի մունիցիպալիտետի Բեժանո գյուղում գյուղացիները չեն կարող գրանցել իրենց հողերը, քանի որ գոյություն ունեցող չափագծումները չեն համապատասխանում իրականությանը, իսկ հողի հանձնման-ընդունման անձնագրեր նրանք չունեն:

Բեժանո գյուղում բնակիչները չունեն հողատարածքների հանձնման-ընդունման ակտեր, որոնք տրվել էին 1992 թ.-ին գյուղատնտեսական հողերի բաշխման ժամանակ: Դրանց փոխարեն նրանք ունեն GPS չափագծումները, որոնք 2002 թ. կազմել է Թբիլիսիից չափագծման ինչ որ կազմակերպություն:

Գրիգորյան Երջանիկը տարբեր վայրերում ունի 7 հողամաս: Նրա խոսքերով, նա բոլոր փաստաթղթերը տրամադրել է գրանցման համար, սակայն գրանցել են 3 հողամասը, իսկ 4-ը՝ ոչ:

«Ասում են՝ սպասեք, ընթացքի մեջ է, պատճառը չեն ասում: Արդեն մի տարի է նույնն են ասում: 7 հողատարածքները միասին կազմում են 1 հա 10 հար, դրանցից 35 հարը ռեեստրը գրանցել է, մնացածը՝ ոչ», – ասում է Երջանիկ Գրիգորյանը:

Սերոբ Մելքոնյանը գրանցել է 3 հողամաս, մնացել է միայն տունը եւ 1 հողատարածք:

Հարկ է նշել, որ բնակիչներին հասանելի 1 հա 25 հար հողատարածքները տրվել են մի քանի հողամասերով, որոնք գտնվում են գյուղի տարբեր վայրերում:

«Ես 60 հար հող ունեմ, եւ չեմ կարողանում գրանցել: Գրանցման համար դիմել էի Բարալեթի Հասարակական տուն, անցել է 6 ամիս, նրանք ասում են սպասեք ընթացքի մեջ է: Ես վերցրեցի տարա Ախալքալաք: Այնտեղ էլ նորից ասում ընթացքի մեջ է, սպասեք: Արդեն երկու տարի է սպասում ենք: Ասում են, որ տան հատակագիծը չի համապատասխանում արխիվային տվյալներին », – ասում է Բեժանոյի բնակիչ Սերոբ Մելքոնյանը:

Գույքի եւ պլանավորման բաժնի մասնագետ Ավագ Արեւյանն ասում է, որ Բեժանո գյուղում, իրոք, չափագծումները չեն համապատասխանում իրականությանը, բայց դա չպետք է դառնար գրանցման գործընթացի այդքան երկար ձգձգման պատճառ:

“GPS չափագծերում կոորդինատները խառնված են: Չափագիծը 3 մ-ով տեղաշարժ ունի եւ ռեեստրով նայելու դեպքում ավտոմատ կերպով 2-3 հար հողատարածքները մեկը մեկի վրա է գալիս: Սարքավորումները ճշգրիտ չեն եղել: Պետք է նոր չափագրումներ անել: Հնարավոր չէ, որ գրանցման գործընթացը երկու տարի շարունակվի: Հավանաբար, նրանցից պահանջվել են ինչ-որ փաստաթղթեր, չեն ներկայացրել դրանք, եւ նրանք չեղարկել են գործընթացը: Գուցե գյուղացիներն իրենք էլ չգիտեն այդ մասին: Եթե փաստաթղթերը կարգին լինեին, կուղարկեին մեզ մոտ, եւ մենք գյուղապետի հետ խնդիրը կլուծեինք », – ասում է Ավագ Արեւյանը:

Գյուղացիների 70-80% -ը չեն գրանցել իրենց հողերը, իսկ նրանցից ոմանք՝ տներն էլ: Բեժանո գյուղը գտնվում է ծովի մակարդակից 1830 մ բարձրության վրա: Կլիման այնտեղ խիստ է: Բնակիչները քիչ-քիչ զբաղվում են և գյուղատնտեսությամբ, եւ անասնապահությամբ, քանի որ նրանք քիչ հողամաս եւ արոտավայր ունեն:

Շուշան Շիրինյան

Թուրքիայի Սուրբ Հովհան Ոսկեբերան եկեղեցին

$
0
0

Թուրքիայի Ստամբուլ քաղաքում գտնվող Սուրբ Հովհան Ոսկեբերան կաթողիկե եկեղեցին, որը կառուցված է քաղաքի զբոսաշրջային կենտրոնում, կանգուն է դեռևս 1862 թվականից։ Եկեղեցու սպասավորներն ասում են, որ Թուրքիայում հայ եկեղեցիներին վտանգ չի սպառնում:

Սուրբ Հովհան Ոսկեբերան եկեղեցին Ստամբուլում գտնվող 12 հայ կաթոլիկ եկեղեցիներից մեկն է, ուր ամեն կիրակի անցկացվում է պատարագ։ Այս փոքրիկ եկեղեցին յուրաքանչյուր կիրակի ընդունում է գրեթե 50 հավատացյալների, իսկ տոն օրերին այն ավելի լեցուն է՝ 150-ից ավելի մարդիկ գալիս են քաղաքի տարբեր թաղամասերից և մասնակցում տոնախմբություններին։

Surb_hovhan

«Այն սկզբում եղել է փայտաշեն և հրդեհների պատճառով ամբողջությամբ այրվել է, սակայն վերակառուցվել է 1900-ականներին», – ասում է Սուրբ Հովհան Ոսկեբերան եկեղեցու սարկավագ Ժան Աջամյանը։

surb_hovhan_4

Ժան Աջամյանը, ով ծառայում է հայ կաթոլիկ եկեղեցում մոտ 20 տարի, պատմում է, որ այս տարիների ընթացքում չի եղել եկեղեցուն վնասող ոչ մի դեպք։ Այն գտնվելով քաղաքի կենտրոնում, համարվում է նաև տեսարժան վայր զբոսաշրջիկների՝ առավել ևս քրիստոնյաների համար։

surb_hovhan_3

«Պետությունն ապահովում է հայկական եկեղեցիների անվտանգությունը։ Կիրակի օրերին եկեղեցին դրսից ոստիկաններ են հսկում, քանի որ բավականին շատ մարդիկ են հավաքվում», – ասում է Ժան Աջամյանը։

surb_hovhan_5

«Պետությունը եկեղեցուն նյութական օգնություն չի ցուցաբերում, բայց ամենակարևորն է, որ մենք ազատ և համարձակ ենք այստեղ», – ասում է Ժան Աջամյանը։

surb_hovhan_2

Ռիմա Մառանգոզյան

Ձյունը հալվում է, իսկ գյուղերում աղբահանության խնդիրը նորից դառնում է արդիական

$
0
0

Մունիցիպալիտետի գյուղերում մեծ քանակությամբ աղբ է կուտակվել, իսկ մունիցիպալիտետն այդ աղբը հանելու համար գումար չի հատկացրել:

Կրկին արդիական թեմա է «Գյուղերի այցեքարտը` աղբավայրերն են» թեման: Ձնհալի հետ միասին, այս խնդիրը դառնում է ավելի ու ավելի հրատապ եւ ակտուալ: Վերջին տարիներին մարդիկ սկսել են կենցաղային աղբը հավաքել մի տեղում: Այս արհեստական աղբավայրերը ձեւավորվում են ճանապարհների վրա, որոնք հաճախ դժվարացնում են երթևեկությունը, դաշտերում:

Լուսանկարում Ալաթուման եւ Բեժանո գյուղերի միջև ընկած աղբավայրն է: Միմյանցից շատ կարճ հեռավորության վրա ձեւավորվել են երկու աղբավայր: Ըստ «Սպասարկման կենտրոնի» տնօրեն Արմեն Բիչախչյանի, նրանք 15-20 օր առաջ Բեժանոից 12 մեքենա աղբ են տարհանել, որը կազմում է մոտավորապես 120 խորանարդ մետր աղբ:

«Մենք դա արել ենք մեր սպասարկման կենտրոնի միջոցներով, քանի որ աղբը խանգարում էր երթևեկությանը, գյուղապետն էլ էր դիմել քաղաքապետին, եւ մենք քաղաքապետի հետ միասին որոշեցինք մաքրել: Քանի որ այստեղ աղբը թափում են նաև Չխարոլայի գյուղից, ուստի ես առաջարկեցի այնտեղ խոշոր աղբարկղեր տեղադրել, ոչ թե այնպիսիք, ինչպիսիք քաղաքում են, այլ ավելի խոշոր աղբարկղեր, եւ մենք այնտեղից կմաքրենք, իսկ բոլոր գյուղերի աղբահանության համար մենք միջոցներ չունենք: Հենց մեզ գումար հատկացրին, մենք անմիջապես դրա երկրորդ օրը կսկսենք աղբահանումը », – ասաց Արմեն Բիչախչյանը:

musor bejano2

Ծանոթացեք նաև՝ «Գյուղերի այցեքարտը աղբավայրերն են » հոդվածին:

Շուշան Շիրինյան

Կարծախի լճի մոտ կառուցելու են էկո-տուրիստական քոթեջներ

$
0
0

Ջավախքի ազգային պարկի տարածքում, Կարծախի լճից ոչ հեռու, կկառուցվեն երկու նոր էկո-տուրիստական քոթեջ:

Էկո-տուրիստական քոթեջների շինարարությունն այցելուներին նոր հնարավորություն կտա տեղակայվել պարկի տարածքում: Այս ենթակառուցվածքի զարգացումը զգալիորեն կբարձրացնի Ջավախքի զբոսաշրջային ներուժը և գրավչությունը:

Նախագծի ընդհանուր արժեքը կազմում է 113 772 լարի, որից 73 950 լարին հանդիսանում է ENPARD ծրագրի շրջանակներում «Մերսի Կոր»-ի կողմից հատկացված նպատակային դրամաշնորհը, իսկ համաֆինանսավորման մնացած 39 820 լարին ներդրվելու է «Կովկասի բնության հիմնադրամի» աջակցությամբ»,- հաղորդում է sknews.ge-ն:

Համաձայնագիրը ստորագրել են՝ Պաշտպանության ոլորտի գործակալության նախագահ Վալերիյան Մճեդլիձեն, «Մերսի Կոր» ՀԿ-ի տնօրեն Իրակլի Քասրաշվիլին, նույն կազմակերպության ֆինանսական տնօրեն Մարիամ Էփիթաշվիլին և «Կովկասի բնության հիմնադրամի» գործադիր տնօրեն Ջորջ Ջակոմինին:


Դպրոցներում ավարտական քննություն չի լինելու

$
0
0

Վրաստանի խորհրդարանն ընդունեց դպրոցների ավարտական քննությունների չեղարկման մասին օրինագիծը: Այսօր խորհրդարանում գումարված արտահերթ նիստի ընթացքում «Ընդհանուր կրթության մասին» օրենքում փոփոխություններն ընդունվել են 80 կողմ ձայնով: Միայն 8 պատգմավոր է դեմ քվեարկել:

Այսպիսով 11 և 12-րդ դասարանների աշակերտները ատեստատ ստանալու նպատակով չեն հանձնի ավարտական քննությունները:

Քննությունների չեղարկումը կամ կրթական բարեփոխումները

Դպրոցի ավարտական քննությունները հանձնելու պարտականությունից ազատվում են նաև նրանք, ովքեր մինչ այժմ լիարժեք ընդհանուր կրթության հաստատող փաստաթուղթ չեն ստացել: Խոսքը նրանց մասին է, ովքեր 2018-2019 ուսումնական տարվանից առաջ ընդհանուր կրթության միջին աստիճանն անցել են, սակայն չեն մասնակցել դպրոցի ավարտական քննություններին:

Երեսնամյա ճանապարհը Բիձինա Իվանիշվիլիի նամակում

$
0
0

«Վրացական երազանք» կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլին բաց նամակ է տարածել։ Նախկին վարչապետը գնահատում է 1989 թ. ապրիլի 9-ից մինչև այսօր երկրի անցած ճանապարհը, ամփոփում է արդյունքները և գտնում է՝ «անցյալ վերադառնալու ժամանակն այսօր լիովին անհավատալի է»:

Նրա իսկ խոսքերով, ուժերը, որոնք քաոս են ցանկանում, օգտվում են «Վրացական երազանք»-ի կողմից սահմանված ժողովրդավարական գործիքներով, և շահարկելով տնտեսական խնդիրները, «կրկին վրեժխնդրության մասին են մտածում, փորձում են մեզ վերադարձնել 90-ականների խավարը և այսօր նրանց հիմնական հենարանն են, միևնույն է զգացմունքների ռացիոնալիզմի նկատմամբ հաղթանակածները»:

«Վրաստանի պատմությունը հիշում է նման բազմաթիվ օրեր, որոնք որոշել են վրաց ժողովրդի ճակատագիրը և որոշում են մեր երկրի ապագան: Այդպիսի օր է ապրիլի 9-ը:Օր, որը երեսուն տարի առաջ նոր դարաշրջանի սկիզբը դրեց:

Խորհրդային կայսրությունից հայրենիքի ազատագրումը, Վրաստանի անկախությունը և ազատությունն այն խոշոր ազգային գաղափարներն էին, որոնց շուրջ ամբողջ ժողովուրդը համախմբվեց և մեկ բռունցք դարձավ:

1989 թ. ապրիլի 9-ն ամենադժվարն էր, ամենաողբերգական օրերից մեկը, բայց այս օրը մեզ համար դարձավ ազատության և անկախության պայքարի խորհրդանիշը: Ողջ պատմության ընթացքում ձեռք բերված էներգիան կենտրոնացած էր մի փոքրիկ հրապարակում և չնայած թափված արյունին, այս անհավասար պայքարից վրաց ժողովուրդը բարոյապես հաղթանակած դուրս եկավ:

Միակ ուժը, որն այն ժամանակ օգնեց մեր ժողովրդին՝ մերկ ձեռքերով դիմակայել խորհրդային ռեժիմի դաժանությանը, խորհրդային տանկերի առջև կանգնել, երկրի հանդեպ անխոս սերն էր և լոկ զգացմունքները: Հենց այդ լիցքերն ու զգացմունքներն էին, որոնք մեզ օգնեցին ազատության համար առանց փողզիջման պայքարը փոխել ռացիոնալ հունով և երկու տարի անց, 1991-ի ապրիլի 9-ին, որպես այս պայքարի տրամաբանական արդյունքը, Զվիադ Գամսախուրդիան հայտարարեց Վրաստանի անկախության վերականգնման մասին:

Անկախության առաջին իսկ օրվանից, երբ պետության կառուցման գործում հարկավոր էր սառը դատողություն, անխոնջ աշխատանք և հասարակության առավելագույն համախմբում, մեր ռացիոնալիզմին գերակշռեցին զգացմունքները, և դրանից հետո ստիպված եղանք սովորել պետականությունը սեփական սխալների վրա:

… 2012 թ. ապրիլի 9-ին անկախության 21-ամյա ճանապարհին Վրաստանը հանդիպեց՝ առանց ժողովրդավարության նշանների, գերբեռնված կալանավայրերով, լուռ լրատվամիջոցներով, օկուպացված տարածքներով և Արևելյան բռնապետության այնպիսի ցինիկ մոդելով, որը ժողովրդի գրպանից գռփած փողերով գնեց ժողովրդավարության դիմակը՝ ինչպես ներսում, այնպես էլ արտերկրում: Այդպիսին էր մեր պետականության հետագիծը… Սակայն, չնայած դրան, 2012 թվականի հոկտեմբերի 1-ին վրաց ժողովուրդը հատեց հնարավորության սահմանը և տարավ աներևակայելի հաղթանակ:

… Երկրի կայուն առաջընթացի համար անհրաժեշտ է իրատեսական և հստակ նպատակներ, համբերություն և հետևողականություն: Պրոգրեսիվ շարժումն ակնթարթային գործընթաց չէ: Այն պահանջում է երկարատև քաղաքացիական հանգստություն, որն անհասանելի է բարիկադների պայմաններում: Սա պահանջում է միաձայնություն, որը մենք ունեինք 1989-ի ապրիլի 9-ին, երբ ոչ ոք չէր հարցնում, թե ով որտեղ էր կանգնած, երբ ամբարտավանությունն ու եսասիրությունը չէին խառնվում ընդհանուր գործին, երբ դուր էր գալիս ոչ թե իրենց ազգային շարժման մեջ լինել, այլ հակառակը՝ ազգային շարժումն իրենց մեջ:

Անկախ մեր քաղաքական անցյալից, այսօր քաղաքացիներս պետք է համախմբվենք մեկ նպատակի շուրջ:

Սա չի նշանակում, որ պետք է ջնջել հիշողությունը, չի նշանակում, որ ինչ-որ մեկի կատարած հանցագործությունները ներում ստանան, բայց մենք պետք է հիշենք, որ «սատանան բաժանում է» և մեզ դրդում է պառակտության: Պիտի ավարտվի սկզբունքայնության կարգախոսով հասարակության երկպառակտումը, մատնացույց անելը, միմյանց նախատելը և մշտապես քաղաքական անցյալի հիշեցումը: Ամենուրեք, որտեղ կլինեն զգացմունքների առողջամիտ հաղթանակը, համագործակցությունից հրաժարականը և դաշնակիցների դեմ լարումը, այնտեղ կլինի քաոսի հենակետը, այնտեղ կլինի ապրիլի 9-ի իդեալների դավաճանությունը: Անցյալ վերադառնալն այսօր բոլորովին անհնար է պատկերացնել: Առջևում միայն ռացիոնալ քաղաքականության, զարգացման և ժողովրդավարության ճանապարհն է: Վրացական պետության առաջընթացի անշրջելիությունը հիմնված է միայն ընդհանուր նպատակի համար հասարակության պատրաստակամության վրա: Ապրիլի 9-ը մշտապես հիշեցնում է մեզ դրա մասին», – ասվում է Բիձինա Իվանիշվիլիի նամակում:

Նյութը վերցված է interpressnews.ge-ից

Ի՞նչ ձևաչափով են ուսուցիչները մասնակցելու քննություններին

$
0
0

Մանկավարժների մասնագիտական գործնեության զարգացման քննությունների անցկացման ձևաչափում փոփոխություններ չեն նախատեսվում: Միակ նորույթը, որը սպասվում է ուսուցիչներին կապված է քննությունների ժամանակ կրեդիտ բալերի հետ:

Ինչպես հայտարարում է ուսուցիչների կրթության ազգային կենտրոնը՝ ուսուցիչները քննությունը հաջողությամբ հանձնելու դեպքում, նախկին 1 և 4 կրեդիտ բալի փոխարեն, հնարավորություն կունենան ստանալ 7 և 10:

Մասնավորապես, մանկավարժական գործնեություն ծավալելու ցանկություն ունեցողներ, ովքեր գրանցված չեն ուսուցիչների մասնագիտական կրթության ծրագրում, պարտադիր կլինի 10 կրեդիտ բալ հավաքել, ինչի համար էլ նրանք պետք է հաղթահարեն 61%-ոց անցողիկ շեմը:

«Ուսուցիչները, ովքեր չեն աշխատում, պետք է քննություն հանձնեն առարկայից, որը կգնահատվի 10 բալով: Այսինքն՝ ուսուցչություն ցանկացողները պետք է ստանան բալերի առնվազն 61%-ը: Ովքեր մանկավարժի դիպլոմ չունեն, պետք է անցնեն միամյա 60 կրեդիտային պատրաստման ծրագիրը՝ իրենց համար նախընտրելի համալսարանում, որտեղ գործում է տվյալ ծրագիրը: Իսկ եթե ունեն ուսուցչի դիպլոմ, այդ դեպքում նշված ծրագիրը պարտադիր չէ և դպրոցում աշխատել կկարողանան քննությունը հանձնելուց հետո՝ ստանալով ավագ ուսուցչի կարգավիճակ» – այս մասին տեղեկացնում են Ուսուցչի տուն կենտրոնից:

Իսկ ինչ վերաբերում է փորձառու ուսուցիչներին, նրանք քննությանը պետք է հավաքեն 7 կամ 10 բալ: Նրանք, ովքեր անցած տարի հավաքել են 1 կամ 4 կրեդիտ, ապա նրանց կրեդիտները պահպանվում են, սակայն ովքեր այս տարի կհանձնեն քննություն, ապա անպայման պետք է հավաքեն 7 կամ 10 կրեդիտ:

«Փորձառու ուսուցիչները քննության ընթացքում հնարավորություն կունենան հավաքել 7 կամ 10 կրեդիտ: 7 կրեդիտ բալը բավական կլինի այն ուսուցիչների համար, ովքեր ունեն 1 կրեդիտ: Փորձառու ուսուցիչները, ովքեր 1 կրեդիտ գոնե ունեն, քննությանն առնվազն 50%-անոց շեմը պետք է հաղթահարեն: Եթե կրեդիտներ չունեն, ուրեմն 60% շեմը», – տեղեկացնում են Ուսուցիչների տուն կենտրոնից:

Կարատեի ֆեդերացիայի նախագահն ենթարկվել է քրեական պատասխանատվության

$
0
0

Վրաստանի Պետական անվտանգության ծառայության հակակոռուպցիոն գործակալությունը Կարատեի ազգային ֆեդերացիայի նախագահ Կախա Բասիլիային ենթարկել է քրեական պատասխանատվության, նրան մեղադրելով պետության գումարները անօրինական սեփականացնելու մեջ:

Հակակոռուպցիոն գործակալությունը տեղեկացնում է, որ օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում բացահայտվել է, որ Բասիլիան աշխատանքային իրավասություններն օգտագործելով, խարդախությամբ սեփականացրել է պետությանը պատկանող մեծ գումար։

«Հետաքննությունը ցույց է տվել, որ 2018 թվականի ապրիլի 18-22 Թուրքիայի հանրապետությունում, քաղաք Ստամբուլում Շոտոկանի 9-րդ առաջնությանը Վրաստանի կարատեի ազգային հավաքականի անդամների մասնակցության համար Մշակույթի և սպորտի նախարարության կողմից համապատասխան ֆինանսավորում է հատկացվել։ Չնայած նրան, որ մրցույթին մասնակցել են 4 մարզիկ, Վրաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի նախագահ Կախա Բասիլիան 2018 թվականի ապրիլի 27-ին և մայիսի 28-ին Մշակույթի և սպորտի նախարարությանը կեղծ փաստաթղթեր է ներկայացրել, ըստ որոնց Թուրքիայի հանրապետությունում անցկացված առաջնությանը Վրաստանի ազգային հավաքականի 10 ներկայացուցիչ է ուղարկվել։ Այս ճանապարհով և նախարարությանը խաբելով, Կախա Բասիլիան 6 մասնակցի ճանապարհորդության համար հատկացված, Մշակույթի և սպորտի նախարարությանը պատկանող 10 441 լարի է սեփականացրել։

Նշված հանցագործության համար Կախա Բ-ն մեղադրվում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 180-րդ հոդվածի 3-րդ մասի «ա» և «բ» ենթակետերի համաձայն, ինչի հետևանքով կենթարկվի 6-ից 9 տարի ժամկետով ազատազրկման։

Ազավրեթ գյուղի դպրոցը դասադուլ է հայտարարել

$
0
0

Ազավրեթ գյուղի հանրային դպրոցում երեկ դասադուլ էին հայտարարել: Ծնողները եւ աշակերտները դժգոհ են մնացել այն բանից, որ իրենց դպրոցը չէր ներառվել մունիցիպալիտետի կողմից վերանորոգվող 24 դպրոցների ցանկում:

Երեկ, ապրիլի 8-ին, Ազավրեթի դպրոցում դասեր չեն անցկացվել: Առավոտվանից գյուղի մոտ 50 բնակիչ հավաքվել էին քաղաքապետարանում եւ պահանջում էին բացատրություն:

Պետք է նշել, որ 2018թ-ին, ԿԳ նախարարության դպրոցների շինարարության ծրագրի համաձայն, որոշվել էր վերանորոգել Ազավրեթ գյուղի դպրոցը, սակայն վերանորոգումը չիրականացվեց, քանի որ գյուղում համարեցին, որ միջոցները (մոտ 200 000 լարի) բավարար չեն դպրոցի բոլոր կարիքները հոգալու համար, նրանք ուզում էին, որ Ազավրեթում նոր դպրոցի շենք կառուցեն:

Դպրոցի տնօրեն Սլավիկ Եղիազարյանի խոսքով, քաղաքապետ Յուրիկ Ունանյանը ցանկություն հայտնեց օգնել արագացնելու դպրոցի բարեկարգման գործընթացը:

«Մեր ծնողներին զայրացրեց այն հանգամանքը, երբ նրանք իմացան, որ մեր դպրոցը այս տարի չի վերանորոգվելու: Մի քանի տարի առաջ նրանք ուզում էին վերանորոգել դպրոցը, բայց մի քանի հոգի, չեմ ուզում տալ նրանց անունները, բողոքեցին եւ ասացին, որ ցանկանում են նոր դպրոց: Այժմ թող գան մասնագետները, տեսնեն, թե ինչ է մեզ հարկավոր, վերանորոգում, թե նոր դպրոց: Երկու տարբերակն էլ մեզ համար ընդունելի է », – ասում է Սլավիկ Եղիազարյանը:

Ազավրեթ գյուղի դպրոցը վաղուց արդեն վթարային վիճակում է: jnews- ը բազմիցս է գրել այս խնդրի մասին: Դպրոցում սովորում է մոտ 200 աշակերտ: Նրանք սովորում են երեք հերթափոխով: Առաջին հերթափոխի մեկ դասաժամը տեւում է 35 րոպե, երկրորդի եւ երրորդինը՝ 30 րոպե է:

Ազավրեթում դասերն անցկացվում են ծայրահեղ պայմաններում

Ազավրեթ գյուղի դպրոցի տանիքը փլուզվում է

Ազավրեթ գյուղի դպրոցը ընդլայնման կարիք ունի

Ծնողները պահանջում են անվտանգ դպրոց

Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Ունանյանը, մեկնաբանելով իրավիճակը, ասաց, որ սխալ է համարում խանգարել ուսման գործընթացը, քանի որ ուսումնական տարվա ավարտին մնացել է շատ քիչ ժամանակ:

«Ես առաջարկեցի, դպրոցականներին չզրկեն դասերից, եւ շատերը համաձայնեցին, մինչև մենք կտեսնենք, թե ինչ ենք անելու: Ես բոլորին տեղեկացրել եմ` ԿԳ նախարարությանը, նահանգապետին, վարչապետին, 14-ին նախագահը կգա նրան էլ կտեղեկացնենք: Ես նահանգապետին ասել եմ, որ բարձրացնի նոր դպրոց կառուցելու հարցը: Նրանք պատրաստ են 3 տարի էլ սպասել, միայն թե նոր դպրոց ունենան: Եթե ոչ, ապա այս տարի մենք կապիտալ վերանորոգման ծրագրի նախագիծը կկազմենք, եւ հաջորդ տարի կվերանորոգենք », – ասաց Յուրիկ Ունանյանը:

Արդյոք Ազավրեթ գյուղի դպրոցում կշարունակեն դասադուլը պարզ կդառնա այսօր:

Շուշան Շիրինյան

Viewing all 19865 articles
Browse latest View live